ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Արմեն Ամիրյանն այլևս ժողովրդի ծառան չէ՞

Արմեն Ամիրյանն այլևս ժողովրդի ծառան չէ՞
17.11.2016 | 18:11

Հոկտեմբերի 28-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` անդրադառնալով ՀՀԿ-ին անդամակցելու հավանականությանը, ասել էր լրագրողներին. «Որևէ կերպ չեք տեսնի ինձ այդ կուսակցության շարքերում, քանի որ իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական» և հավելել. «Դեռևս խորհրդային տարիներից ինձ միշտ առաջարկներ են եղել դառնալ կոմունիստ, դառնալ այն կուսակցությունների անդամ, որոնք իշխել են, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան»:

Այսօր՝ քսան օր անց, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չի հերքում, որ պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին, միայն ասում է՝ հստակ որոշում չի կայացրել։ Երբ խորհրդարանում լրագրողները նրան հարցեր էին ուղղում, նա այնքան անպաշտպան ու շփոթված տեսք ուներ, կարծես կանգնեցրել էին գնդակահարության պատի տակ ու սպասում էր կրակոցների, իսկ հետո, երբ նահանջելու տեղ այլևս չուներ, նախարարը անցավ պաշտպանություններից լավագույնին՝ հարձակմանը ու հայտարարեց. «Կարելի՞ է մինչև ապրիլ ես ապրեմ։ Ի՞նչ եք ուզում ինձնից։ Երկու ամիս է՝ ես նախարար եմ, դուք առայժմ մշակույթին առնչվող որևէ առարկայական հարց ինձ չեք տվել»: Իսկ գուցե չեն տվել, որովհետև չե՞ն զգացել, որ մշակույթի նախարար է փոխվել: ՈՒ Արմեն Ամիրյանը պարզ դեմագոգիա էր անում, երբ հայտարարում էր՝ «Դուք անընդհատ փորձում եք գտնել ինտրիգ։ Չի կարելի։ Մենք այնքան անելիք ունենք մշակույթի դաշտում։ Ես ձեզ խնդրում եմ ու խորհուրդ եմ տալիս՝ օգնեք մեզ կայացնել այս դժվարին աշխատանքը, որը կոչվում է մշակույթ»: Իհարկե, եթե քեզ ասվում է այնպիսի միտք, որ չես հասկանում, պարտավոր ես մտածել, որ միտքը ավելի խելոք է, քան դու ես, ու այդ մտքի հեղինակը նվազագույնը հարգանքի է արժանի: Բայց սա այդ դեպքը չէ, մշակույթի նախարարը պարզապես բառակույտով փորձեց պաշտպանվել լրագրողներից ու նրանց հարցերից, այլապես չէր ասի՝ «Օգնեք կայացնել դժվարին աշխատանքը, որ կոչվում է մշակույթ», չէր ասի, որովհետև նույնիսկ հայերեն չէ, տրամաբանականին չհասնենք: Նա շատ ավելի ազնիվ էր ու անկեղծ, երբ ասում էր՝
«Կարելի՞ է մինչև ապրիլ ես ապրեմ։ Ի՞նչ եք ուզում ինձնից»։

Իսկապես՝ ի՞նչ են ուզում նրանից, ու՝ որ ի՞նչ: Պարզ չէ՞, որ եթե պետք է նախարարները անդամագրվեն ՀՀԿ-ին, անդամագրվելու են, սուսուփուս: Եթե հրաժարական տան գաղափարական տարաձայնությունների կամ այլ պատճառով, այլևս ոչ մի պաշտոնի երես չեն տեսնի ու հրաժեշտ կտան բարեկեցությանը, որի մեջ սովոր են ապրել: Դա մարդկային է, պարզ, սովորական: Բոլորովին այլ հարց է, որ ՀՀԿ լինելը չի պաշտպանելու պաշտոնանկությունից, երբ ՀՀԿ-ն դա համարի նպատակահարմար, ուստի միշտ կա ընտրություն՝ երբ և հանուն ինչի հեռանալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Փաստորեն՝ ամենաանքաղաքական՝ մշակույթի նախարարի կյանքն էլ կյանք չէ, երբ կյանքը այսքան քաղաքականացած է: Համենայն դեպս՝ Արմեն Ամիրյանը ինչ-որ բացատրություն գտել է իր կուսակցական դառնալուն: «Երկրի նոր՝ խորհրդարանական կառավարման մոդելը ենթադրում է, որ ցանկացած նախարար պետք է կրի նաև պատասխանատվություն կուսակցական առումով»՝ ասել է նա ու զարմանալի էր, որ նախքան նախարար դառնալը չգիտեր՝ հանրաքվե է եղել ու կառավարման մոդել է փոխվել: Պարզվում է՝ մշակույթի նախարարի աշխատանքը ծաղկեփնջեր բաժանելն ու սեփական կնոջն ահաբեկելը չէ, հարցեր են տալիս, պատասխաններ են պահանջում: Արդեն պայթեցված Առաջին տպարանի պատմությունն էլ չհիշեմ: ՈՒ հիմա ո՞ւմ ծառան է Արմեն Ամիրյանը: Ժողովրդի՞: Մշակույթի՞: ՀՀԿ-ի՞: Իսկական բերմուդյան եռանկյունի:

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ